«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

«Սպիտակ վերնաշապիկով նստել նվագելը դեռևս չի նշանակում դասական արվեստ»

«Սպիտակ վերնաշապիկով նստել նվագելը դեռևս չի նշանակում դասական արվեստ»
26.08.2008 | 00:00

«ԵՐԲ ՄԻԱԽԱՌՆՎՈՒՄ ԵՆ ՇՈՈՒՆ ԵՎ ԲԻԶՆԵՍԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԱՆ Է ԴԱՌՆՈՒՄ»
«Երբ մենակ ես մնում թուղթ ու գրչի հետ, մտածում ես ոչ թե օրվա անցուդարձի, այլ վաղվա օրվա մասին։ Ամենն անցյալի ու ապագայի կռիվ է։ Գալիքից վախենում ենք, անցյալը՝ կարոտում»,- ասում է երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԸ, որի հետ մեր զրույցն անկեղծության մասին էր, երգարվեստի, կյանքի...
-Ի՞նչ եք անում հիմա։

-Ստեղծագործում եմ, քանի որ ծրագրերս իրականացնելու հնարավորություն դեռ չկա։ Ֆոլկ-մյուզիքլի ծրագիր ունեմ, որի մտահղացումը վաղուց է ծնվել, պար-մնջախաղային ներկայացում բեմադրելու մտադրություն կա, որ կոչվելու է «Մշո հարսնիք»։ Ծրագրում ընդգրկ-ված են լինելու բավականին լուրջ մարդիկ, և եթե կարողանանք մտահղացումն իրականացնել, միգուցե այն հետաքրքրություն ներկայացնի նաև միջազգային շուկայում։ ՈՒնեմ նոր երգեր, դրանք նոր ալբոմով թողարկելու ծրագիր։ Երկու տարի առաջ մենահամերգ եմ ունեցել, որի տեսանյութը դեռ պատրաստ չէ. մտածում եմ այդ ուղղությամբ։ Զուգերգով հանդես եմ գալու Ռուբեն Հախվերդյանի հետ, չգիտեմ՝ երբ կլինի, բայց իր համաձայնությունն արդեն իսկ մեծ բան է ինձ համար։ Այսպես ամեն բան ցաք ու ցրիվ է...
-Իսկական արվեստը, փաստորեն, այսօր դժվար է գոյատևում։
-Չեմ ուզում հանդես գալ որպես իսկական արվեստի ներկայացուցիչ, որովհետև իսկական արվեստի չափանիշներն ինձ համար ուրիշ են։ Բայց տեսնելով, թե ինչ է կատարվում այսօր, չեմ ուզում նաև ինքս ինձ թերագնահատել։ Ամեն դեպքում, բավականին ասելիք ունեմ։
-Ինչո՞վ է առանձնանում Ձեր արվեստը, և շատ չէ՞, արդյոք, այն մելամաղձոտ։
-Մելամաղձություն բառին մի քիչ դեմ եմ։ Բողոք կա։ ՈՒ պարտադիր չէ, որ բողոքը քաղաքական լինի։ Եթե բողոքը տրամադրության հետ է կապված, դա մելամաղձություն չէ, այլ պայքար։ ՈՒրեմն, տրամադրությունը լուրջ հիմքեր ունի ցածր լինելու։ Ես երբևիցե սենտիմենտալությունը չեմ ընդունել որպես երևույթ և ինձ չեմ համարում սենտիմենտալ։ Կենցաղում ես ուրիշ եմ, ուղղակի երբ պահը գալիս է ստեղծագործելու, երբ անկեղծանում եմ, զգում եմ, որ կարիք չունեմ որևէ ուրախ նոտայի։ Դա ոչ թե քաղաքական, ազգային, այլ համամարդկային ցավ է։
-Այսինքն՝ դժգոհության, բողոքի պատճառներ միշտ կա՞ն։
-Այո, հենց թեկուզ՝ երեխայի ծնունդը։ Ես երբեմն ասում եմ, որ միշտ էլ քեֆ անելու պատճառ կա, որովհետև, ոնց էլ լինի, ամեն օր երեխա է ծնվում։ Բայց, մյուս կողմից էլ, մտածում ես՝ համաշխարհային պրոգրեսը, գլոբալիզացիա կոչվածը ո՞ւր են տանում, և ի՞նչ դարաշրջանում են ապրելու այս երեխաները։ Մի ընկեր ունեմ, ասում է՝ պատերազմն այնքան վտանգավոր չէ, որքան խաղաղության բերած ավելորդ պրոգրեսը։ Դրա արդյունքում, գուցե, ունենանք հեռախոսով ու հագուստով ման եկող էակներ, որ անունով են միայն մարդ՝ հերթական կենդանական աշխարհը։
-Պատմեք մի փոքր Ձեր ընտանիքի մասին։
-Սովորաբար, երբ խոսում եմ ընտանիքիս մասին, սկսում եմ ծնողներիցս։ Ցավոք, շուտ եմ նրանց կորցրել, բայց ինչպես կենացների ժամանակ եմ ասում՝ կան թե չկան, մեր գլխից անպակաս լինեն։ Ծնողներս դեռ շարունակում են ինձ դաստիարակել, զավակներիս էլ։ Չեմ ընդունում «բեղավոր» ավանդույթը, բայց կան որոշակի չափանիշներ ինձ համար։ Աշխարհի ամբողջականությունը կնոջ և տղամարդու ճիշտ կարգավիճակով է պայմանավորված՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր առումով։ Ավելորդ փիլիսոփայությունների կարիք չկա։ Երբ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին, սեր չի կարող չլինել։ Էներգիան ինչի՞ց է ստեղծվում՝ «+» և «-»-ի հակասությունից։ ՈՒնեմ երկու որդի։ Այդքան էական չէ ինձ համար՝ ինչ մասնագիտություն են ընտրելու նրանք, կարևորը մարդու տեսակն է։ Մասնագիտությունն ընդամենը միջոց է՝ այդ տեսակը դրսևորելու։
-Այսօր շատ հայտնի երգիչներ աշխատում են ակումբներում, ռեստորաններում, որքանո՞վ է դա ճիշտ և ցանկալի արտիստի համար։
-Ցանկալի չէ, բայց ռեստորանային մշակույթը նույնն է երգչի համար, ինչ զինվորականի համար կռվի դաշտը։ Որքան էլ «չին» ունենա խաղաղ ժամանակի զինվորականը, պատերազմ տեսած զինվորականից մի խազ ցածր կլինի։
Օպերատիվ դաշտը երաժշտի համար թրծվելու միջոց է։ Երբ տեղում անհրաժեշտություն կա ժանրը փոխելու, մի երգը մյուսով փոխարինելու, երաժիշտն իր զգացողությամբ նվագակցող ընկերների հետ անմիջապես հասկանալով իրար, փոխում են հարմոնիան։ Այն դեպքում, երբ համերգի համար պետք է նախապես ձայնագրեին, մոտեցում մշակեին և այլն։
-Թերթեր կարդո՞ւմ եք։
-Հազվադեպ, երբ տեղեկանում եմ, որ ուշագրավ հոդված կա։ Հեռուստացույց էլ չեմ նայում, մանավանդ՝ լուրերն ու երաժշտական «տասնյակները», որոնք հավասարապես անցանկալի են։ Մեկը կենսական վտանգ է պարունակում, մյուսը՝ հոգևոր։ Երբեմն ասում են՝ լավն էլ պետք է լինի, վատն էլ, որ տարբերությունը երևա։ Եվ չեն հասկանում, որ այդ վատը սերունդ է փչացնում, իսկ դա հետ բերելը շատ ավելի դժվար է։
-Կա՞ն այսօր երգիչներ, որոնց կատարումները սիրով լսում եք։
-Ես միշտ ասում եմ՝ շոուն առանձին չեմ սիրում, բիզնեսը՝ նույնպես։ Երբ միախառնվում են, վտանգավոր բան է դառնում։ Բայց դրանից դուրս այսօր կան շատ աչքի ընկնող արվեստագետներ՝ Արսեն Գրիգորյանը, Լեյլա Սարիբեկյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արմեն Մովսիսյանը, ուրիշներ։ Ռուբեն Հախվերդյանին չէի ուզենա նշել այս շարքում՝ նա հանճարեղ ծերուկի դերում է։
-Եթե հնարավոր լիներ, ի՞նչը կփոխեիք արվեստում։
-Այն մարդիկ, ովքեր ուզում են արվեստում ինչ-որ բան փոխել, հենց իրենք են վնասում արվեստը։ Արվեստում պետք չէ որևէ բան փոխել. եթե անկեղծություն լինի, ինքնին փոփոխություններ կլինեն։ Ժանրը կապ չունի։ Երբեմն ասում են՝ դասական երաժշտություն լսեք։ Դասական ժանրում էլ խնդիրներ կան։ Ես ինքս կոնսերվատորիան եմ ավարտել, կինս դասական ոճի երգչուհի է, այդ ասպարեզում ունեմ շատ ընկերներ... Այստեղ էլ է անկեղծություն պետք։ Սպիտակ վերնաշապիկով նստել նվագելը դեռևս չի նշանակում դասական արվեստ։ Եթե որևէ մեկը կարծում է, թե Բախը կեղծ մարդ է եղել, ուղղակի լավ է գրել, սխալվում է...
-Ի՞նչ եք ուզում կյանքից։
-Բացի սիրուց` ոչինչ չեմ ուզում։ ՈՒզում եմ սիրել և սիրված լինել։ Մի փոքր էլ... անհոգություն։ Ցավոք, անհոգությունը մեծապես կախված է նյութից, բայց ոչինչ, դա էլ է հաղթահարելի։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3082

Մեկնաբանություններ